Հայաստանի ոստիակությունը նոր մանրամասներ է բացահայտել հունվարի 21-ին Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի կամրջի տակ հայտնաբերված ջնջխված կնոջ դիակի գործով:
Այսօր՝ հունվարի 25-ին Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչները դեպքի վայրի փորձարարական աշխատանքներ են կատարել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին, ժամը 14.30-ին, 26-ամյա Լիաննա Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը` 46-ամյա Աննա Հովհաննիսյանը, հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, իր անձնական օգտագործման «Միթսուբիշի» մակնիշի 20 ԼՏ 739 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով դուրս է եկել իր վարձակալած բնակարանից եւ չի վերադարձել:
Նույն օրվա երեկոյան ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ի կամրջի տակ հայտնաբերում են կնոջ դիակ՝ երեսն ամբողջովին ջնջխված վիճակում:
Նույն օրը Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Պարզվել է, որ նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած փնտրվող Աննա Հովհաննիսյանն է:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի եւ Նաիրիի ոստիկանության բաժնի պետ Կարեն Գինոյանի գլխավորությամբ:
Քննչական խումբը պարզում է, որ սպանվածը մի քանի օր առաջ եղել է Երեւան-Աբովյան ճանապարհին գտնվող «Գինետուն» ռեստորանային համալիրում:
Օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում ոստիկանություն սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 45 տան բնակիչ 27-ամյա Արմեն Մանթաշյանը:
Արդեն ոստիկանությունում նա պատմում է, որ դեպքի օրը հիշյալ օբյեկտում ժամանակ է անցկացրել Ա. Հովհաննիսյանի հետ: Այդ ընթացքում բռունցքով հարվածել է Ա. Հովհաննիսյանի երեսին, տապալել գետնին, ինչի հետեւանքով կինը մահացել է: Նա արդեն մահացածի դին փաթաթել է սավանով, դրել Հովհաննիսյանի անձնական «Միթսուբիշի» մեքենայի բեռնախցիկում, դուրս եկել գինետնից, ուղղություն վերցրել Նոր Հաճնի կամուրջ եւ այնտեղից դիակը ցած նետել:
Այդ ամենից հետո Ա. Մանթաշյանը սպանվածի ավտոմեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Արգավանդ գյուղ, որտեղ ավտոմեքենան վաճառել է արգավանդցի Հովհաննես Այվազյանին, նրանից ստանալով 300 հազար դրամ կանխիկ գումար, իսկ 200 հազար դրամն էլ պետք է ստանար ապրիլի 16-ին: Այվազյանն իր հերթին, «Միթսուբիշի» ավտոմեքենայով եկել է Երեւան եւ այն հանձնել ավտոմեքենայի արհեստավոր, Քանաքեռում բնակվող իր ծանոթ Աշոտ Շահինյանին: Վերջինս մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենան կազմաքանդել է՝ մաս-մաս վաճառելու նպատակով:








Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























