Աստղագետների կողմից հայտնաբերվել է տիեզերքի ամենամեծ ալմաստը: Այդ ալմաստը հղկելու համար անհրաժեշտ է Արեգակի չափսի սարքավորումներ, սակայն մատանին, որի վրա կարելի է դնել ստացված ադամանդը, շատ հեշտ կարելի է հագցնել մեր մոլորակի վրա: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի գիտական լրագրողների ակումբից։
Ըստ նրանց տրամադրած տեղեկատվության՝ նոր հայտնաբերված ալմաստը գտնվում է մեր մոլորակից ընդամենը 50 լուսատարի հեռավորության վրա (տիեզերական մասշտաբներով դա չնչին հեռավորություն է): Այն ունի 1500 կմ տրամագիծ , նրա կշիռն է 10 միլլիարդ տրիլլիոն կարատ (իսկ գնի մասին խոսելը երեւի թե անհնար է): Համեմատության համար` մեր Երկրագնդի վրա հայտնաբերված ամենամեծ ալմաստը կշռում է 546 կարատ (1 կարատը մոտ 0.2 գրամ է):
Աստղագետներն այդ ալմաստին տվել են «Լյուսի» անունը՝ հանրահայտ The Beatles խմբի Lucy in the Sky with Diamonds երգի պատվին: Նախկինում այս «սուպերադամանդը» եղել է այսպես կոչված սպիտակ թզուկ աստղ, սակայն կորցրել է իր ամբողջ էներգիան՝ դառնալով հսկայական ալմաստ: Ըստ գիտնականների` այդ նույն բախտն է վիճակված մեր Արեգակին՝ 5 մլրդ տարի հետո Արեգակը կդառնա սպիտակ թզուկ, իսկ եւս 2 մլրդ տարի հետո այն կվերածվի հսկայական ալմաստի:





























