Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 20-ին տեղացած կարկուտը գրեթե հարյուր տոկոսով վնասել է բերքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը:
Նա նշեց, որ կարկուտը վնասել է մարզի Արագած, Ամբերդ, Աղավնատուն եւ Լեռնամերձ համայնքների այգիներն ու հողամասերը:
«Մրգերը՝ ծիրանը, սալորը, խնձորը, գրեթե հարյուր տոկոսով վնասվել է, նույնը բանջարեղենի մասին կարող եմ ասել: Մեր համայնքն արդեն 3-րդ տարին է՝ կարկուտից տուժում է, էլ բերանս էլ չի բացվում՝ ասեմ»,- ասաց նա՝ նշելով, որ կարկուտը տեւել է 30 րոպե, եւ մինչեւ հիմա կարկուտի հատիկները չեն հալվել:
Համայնքի ղեկավարը նշեց, որ կարկուտից հետո մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպել է գյուղացիների հետ եւ խնդրել տեղերում ստեղծել հանձնաժողովներ, որպեսզի գնահատեն վնասի չափը, ներկայացնեն իրեն, ինքն էլ վնասները կառավարությունում ներկայացնի:
«Եթե մեզ էս երկիրը ձեռ չբռնի, շատ ահավոր բան է լինելու մեր համայնքում: Արդեն անձամբ ես 10 մլն վարկ ունեմ, արդեն 3-րդ տարին է՝ չենք կարողանում վարկերը փակել»,- ասաց նա՝ հավելելով, որ գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում, ինչն էլ եկամտի միակ աղբյուրն է:





























