«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգությունն ապահովվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների՝ ICAO եւ IATA-ի չափորոշիչների եւ հայաստանյան օրենսդրությանը համապատասխան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գեւորգ Աբրահամյանը: «Մենք անվտանգության ապահովման համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում: Եթե որոշում կայացվի ավելի խստացնել անվտանգության միջոցառումները, մենք բնականաբար կկատարենք այդ պահանջները»,- ասաց նա:

Մոսկվայի «Դոմոդոդովո» օդանավակայանում ահաբեկչական պայթյունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ օդանավակայաններում անվտանգության միջոցառումները հեռու են իդեալական լինելուց:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր՝ հունվարի 25-ին հայտարարեց, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի անվտանգության համակարգում անարխիա ր տիրում: «Հանցագործության վայրից մեր ունեցած տեղեկությունները վկայում են, որ ուղղակի անարխիա է եղել եւ մարդիկ օդանավակայան են եկել ցանկացած վայրից: Տեղաշարժի վերահսկողությունը, լավագույն դեպքում, մասնակի է եղել եւ փաստացի չի տարածվել ուղեւորներին դիմավորողների վրա»,- նշել է Մեդվեդեւը:

Ավելի վաղ Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը այդ ահաբեկչության հետ կապված հայտարարել էր, որ հրահանգել է խստացնել վերահսկողությունը կենսապահովման օբյեկտներում:

Անվտանգության միջոցառումները խստացնելու մասին հայտարարություններ են արել նաեւ Չինաստանի իշխանությունները, հաղորդում է Xinhua գործակալությունը: Մասնավորապես, դա վերաբերում է Պեկինի օդանավակայանին, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել տեսախցիկներով վերահսկողությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։  

Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում տղամարդու գլուխ է հայտնաբերվել։ Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։