Այն բանից հետո, երբ Կոտ–դ´Իվուարի նախագահ Ալասսան Ուատտարան որոշեց 1 ամսով դադարեցնել կակաոյի արտահանումը՝ միջազգային շուկաներում այդ հումքի գինը կտրուկ բարձրացավ՝ մոտենալով իր պատմական ռեկորդին։

Նշենք, որ կակաոյի համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում հենց Կոտ–դ´Իվուարին։

Հունվարի 21-ին միջազգային շուկայում կակաոյի 1 տոննան արժեր 3263 դոլար։ Սա շատ քիչ է զիջում ռեկորդային գնին, որ ձեւավորվել էր ոչ շատ վաղուց՝ 2010 թ. հունվարին եւ կազմում էր 3520 դոլար։ Սակայն այնուհետեւ, ողջ 2010-ի ընթացքում կակաոյի գինը նվազում էր, իր նվազագույն պիկին հասնելով սեպտեմբերին՝ 2870 դոլար։ Տարին միջազգային շուկան փակել է մոտ 3000 դոլարի սահմաններում։

Հայ սպառողը գնային այդ տատանումները գրեթե չի զգացել՝ Հայաստանում շոկոլադի գինը մնացել է անփոփոխ ե՜ւ այն ժամանակ, երբ կակաոյի գինը բարձրանում էր, ե՜ւ այն ժամանակ, երբ էժանանում էր։

Մասամբ դա կապված է այդ շուկայում առկա ուժեղ մրցակցության հետ։ Մոտ 8 ընկերություն զբաղվում է շոկոլադի արտադրությամբ, եւս 5-ը՝ ներմուծմամբ։ Հայկական շուկան փոքր է, իսկ դա ստիպում է մասնակիցներին՝ ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել։

Հայաստանում շոկոլադի խոշորագույն արտադրողը «Գրանդ Քենդին» է, սակայն այդ ընկերությունից որեւէ պարզաբանում շոկոլադի գների վերաբերյալ ստանալ չի հաջողվում։ «Գրանդ Քենդին», ցավոք, միշտ էլ հրաժարվել է մամուլի հետ հաղորդակցվել։

Փոխարենը NEWS.am-ին որոշ պարզաբանումներ տվեց «Արմսվիթ» ընկերության տնօրեն Մկրտիչ Ղուկասյանը։ Նա փաստեց, որ ներկրվող կակաոյի փոշին զգալի թանկացել է՝ կգ-ն արժե 2400-2600 դրամ, այնինչ 2010-ին հնարավոր էր ձեռք բերել 1000 դրամով։ Սակայն շոկոլադի գինը առայժմ չեն բարձրացրել՝ սպասում են, թե ինչպես կփոխեն մրցակից ընկերությունները։