Հունվարի 10-ից Հայաստանում եւ Թուրքիայում զուգահեռաբար անցկացվում է բանավոր պատմության շրջիկ ցուցահանդես «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրի ներքո:
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, Հայ դերասանների միությունը, «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը եւ թուրքական «Անատոլիայի մշակույթ» կազմակերպությունը հունվարի 10-ից Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնում է բանավոր պատմության շրջիկ ցուցահանդես «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրի ներքո:
Զուգահեռաբար Ստամբուլում, Դիարբեքիրում եւ Անթաքիայում, ինչպես նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Իջեւանում արդեն ներկայացված ցուցահանդեսը հունվարի 29-ին կբացվի Երեւանում` Նկարիչների միության ցուցասրահում:
Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրել են ինչպես ցուցահանդեսը, այնպես էլ ամբողջ ծրագիրը:
Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նազարեթ Նազարեթյանի խոսքով` ծրագիրը նպատակ ունի «փորձել որոշակի ներդրում ունենալ հայ-թուրքական հաշտեցման գործում»:
«Եվ տեսանք, որ նախ շատ մեծ կարիք կա նման ծրագրի իրականացման: Համարյա հարյուր տարի է անցել Ցեղասպանությունից, բայդ դեռ շատ բաների մասին չի խոսվել»,- ասել է նա:
«Մենք այս ծրագրի շրջանակում հետազոտություն ենք արել` հայկական կողմը եւ թուրքական կողմը: Արվել են ձայնագրություններ, արվել են տեսագրություններ, եւ ցուցահանդեսը կառուցված է այն սկզբունքով, որ այնտեղ արտացոլված են նախ պատմողները` իրենց ապրումներով, երկու կողմերից` Հայաստանից եւ Թուրքիայից, հետո առանձին աուդիո հատվածներ», - նշել է «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Հրանուշ Խառատյանը` հատուկ նշելով, որ առավելապես ներկայացված են հայկական կողմի նյութերը:
«Ինչպեսեւ սպասելի էր երեւի, թուրքական կողմի տեսողական նյութերը զգալիորեն քիչ են, թուրքական կողմի հետազոտության արդյունքներում նրանք գերադասել են անանուն մնալ: Իսկ հայկական կողմը շատ հարուստ է նյութերով», - հավելել է ազգագրագետը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























