Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայրաքաղաքի կառավարման նոր արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումներն է ներկայացրել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին եւ Հայաստանում մի շարք դեսպանությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների Հայաստանում գործող գրասենյակների ներկայացուցիչներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, այսօր՝ հունվարի 25-ին Կ. Կարապետյանն ընդունել է Սերգեյ Կապինոսին, ՀՀ-ում մի շարք դեսպանությունների եւ միջազգային դոնոր կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Ողջունելով մասնակիցներին` Կապինոսը հույս է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանում գործող օտարերկրյա կառույցների հետ համագործակցությունը կլինի կառուցողական: Վերջինս պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

Կարեն Կարապետյանն իր հերթին խոսել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի, կառավարման նոր մշակույթի ներդրման, գրավիչ բիզնես միջավայրի եւ բարենպաստ ներդրումային դաշտի ապահովման, տրանսպորտային կառավարման խնդիրներին, քաղաքի էլեկտրոնային անձնագրի ստեղծման եւ մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք քաղաքի զարգացման կարեւորագույն նախապայմաններից են:

Քաղաքապետը կարեւորել է ցանկացած առաջավոր փորձի փոխանակումը եւ նշել, որ քաղաքապետարանը պատրաստ է դիտարկել անձնակազմի վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների եւ փորձի փոխանակման վերաբերյալ ընդունելի առաջարկներ: