Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ-ի վրա հունվարի 25-ին ժամը 23:40-ի սահմաններում «Մերսեդես E-420» մակնիշի  20 ՍՕ 936 համարանիշի  ավտոմեքենայի վարորդը չկարողանալով կառավարել մեքենան դուրս է եկել հանդիպակած ուղի, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին, շրջվել ու գլորվել ձորը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտո լրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հայաստանի ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ քննչական խումբը:

Պարզվել է, որ վթարի հետեւանքով տեղում մահացել են Արման Թովմասի Կարապետյանը եւ Էդգար Մանուկի Ասատրյանը: Իսկ Տավրոս Մայիսի Կարապետյանն ու Մանվել Սեդրակի Աստարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:  

Վթարի հետեւանքով մահացած եւ վիրավորված անձինք բնակվում են Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս պահին վթարի վայր են ժամանել նաեւ փորձաքրեագետն ու ՃՈ աշխատակիցները, նաեւ վթարի վայր են հրավիրել վերամբարձ կռունկ եւ քարշակ, որպեսզի մեքենան ձորից դուրս բերեն եւ տեղափոխեն Թալինի ոստիկանության տուգանային հրապարակ:

Նաեւ հայտնի դարձավ, որ վիրավորներին տեղափոխել են Երեւան, քանի որ նրանց վիճակը ծանր է:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի