Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 25-ին հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:
Նա նշել է, թե ըստ աշխատանքային գաղտնապահության սկզբունքների, չի կարող որեւէ տեղեկություն հայտնել Ադրբեջանում գտնվող հայերի առողջական վիճակի վերաբերյալ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը պատրաստ է կրկին իր միջնորդական առաքելությունն առաջարկել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման գործում:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այդ անձանց առողջության մոնիտորինգ են անցկացրել, իսկ նրանցից մեկին նամակ են հանձնել՝ իր ընտանիքից:
Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 7 հայ ռազմագերիներ եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք ադրբեջանական սահմանն անցել են անցած տարվա հունվարին:
Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը:





























