Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում իրականում ոչ մի միտում էլ չկա, պարզապես միջնորդներն անում են ամեն բան գործընթացը որպես այդպիսին պահելու համար։ Հունվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով, պատահականություն չէ, որ Բաքվում մի քանի օր առաջ կայացած Պիտեր Սեմնեբի-Իլհամ Ալիեւ հանդիպմանը ԵՄ ներկայացուցիչը տեսակետ էր հնչեցրել, որ ներկայումս ամենակարեւորը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է։ «Այնպես որ, չեմ կարծում, թե բանակցային գործընթացում այս տարի լուրջ փոփոխություններ լինեն։ Ամեն ինչ, ավելի շուտ նպատակաուղղված կլինի նրան, որ բանակցային գործընթացը պահպանվի, քանի որ լուրջ մտահոգություն կա, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ դրանից եւ հակամարտության լուծման ճանապարհ ընտրել պատերազմը»,- ասաց Բաղդասարյանը։
Նրա համոզմամբ, թեպետ պատերազմի հոտ միշտ էլ գալիս է, սակայն լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունն այժմ փոքր է։
«Իրականում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են առանց արտաքին ուժերի թույլտվության պատերազմ սկսել»,- պարզաբանեց նա։
Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հունվարի 24-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում նա կարեւորել էր հատկապես հակամարտող կողմերի միջեւ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։





























