Հարավային Սուդանի անկախացումը Ղարաբաղի համար նախադեպ չէր՝ հիմնականում այն առումով, որ հանրաքվե անցկացնելու հարցում Սուդանում առկա էր բոլոր կողմերի համաձայնությունը: Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, հավելելով, որ մեզ համար ավելի շատ նախադեպեր էին Կոսովոն, Աբխազիան եւ Հարավային  Օսիան:

«Սուդանը նախադեպ է մասամբ, քանի որ աշխարհի քարտեզի վրա հայտնվելու է նոր պետություն»,-նկատեց նա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բուն գործընթացին՝ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ հակառակ ռազմաշունչ հռետորաբանությանը եւ բանակցային գործընթացից դուրս գալու Ադրբեջանի սպառնալիքներին՝ այդ երկիրը կշարունակի մնալ գործընթացի մեջ՝ ցույց տալով, որ դա իր կողմից մատուցվող զիջում է։

«Մինչդեռ ուժի չկիրառումը ոչ թե պետք է զիջում լինի, այլ բանակցային գործընթացի կարեւորագույն կետերից մեկը։ Ճիշտ է, վերջին տարում բանակցային գործընթացից դուրս գալու մասին առաջարկներ են հնչել նաեւ հայկական երկու կողմերից։ Բայց քանի դեռ չի փոխվել բանակցային գործընթացի մեթոդաբանությունը, մեծ հաշվով, այս գործընթացում էական անելիք չունենք»,- ընդգծեց նախկին պատգամավորը:

Անդրադառնալով ԼՂՀ միջազգային ճանաչման հարցին՝ Գեղամ Բաղդասարյանը նկատեց, որ այն մեծապես կնպաստեր բանակցային  գործընթացին։

«Այս երկու սկզբունքները չպետք է հակասեն միմյանց, սրանք զուգառեռաբար պետք է իրականացվեն հայկական կողմից։ Մինչդեռ ամբողջ ընթացքում հայկական երկու կողմերը, մանավանդ Ղարաբաղը գրեթե ոչինչ չի արել ԼՂՀ միջազգային ճանաչման համար։ Սա մեծ, սկզբուքային սխալ է, որն  այսօր էլ չի ուղղվում»,- ափսոսանք հայտնեց նախկին պատգամավորը: