ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը դրական է գնահատում «Ժառանգություն» խմբակցության՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագիծը՝ թեկուզեւ այն արդեն ձախողված է։ Այս մասին նա ասաց հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Քանի որ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունները գրեթե ոչինչ չեն անում, ապա ես ողջունում եմ ցանկացած քայլ, որը միտված է ճանաչմանը։ Այս տեսանկյունից «Ժառանգության» նախաձեռնության հանդեպ դրական վերաբերմունք ունեմ։ Մյուս կողմից էլ կարեւորում եմ ղարաբաղյան գործոնի ճանաչումը։ Ես սա ավելի հատկանշական եմ համարում, քան պարզապես ԼՂՀ ճանաչումը։ Վերջին տասնամյակում այդ գործոնը վերջնականապես վերացել է։ Ցավոք, Ղարաբաղը գործոն չէ ոչ միայն բանակցային  գործընթացում, այլ նաեւ համահայկական հարթության մեջ, նույնիսկ՝ ներպետական կյանքում։ Ցավոք, Ղարաբաղը դադարել է սուբյեկտ լինելուց եւ վերածվել է օբյեկտի։ Սա բացատրվում  է նրանով, որ ԼՂՀ իշխանությունները ինքնուրույն քաղաքականություն վարելու քիչ ռեսուրս եւ ցանկություն ունեն։ Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան իշխանությունները ձեւավորվում են հայկական իշխանությունների միջամտությամբ»,- նկատեց Բաղդասարյանը ՝ միաժամանակ ավելացնելով, որ որքան ինտեգրված են հայկական երկու պետությունների իշխանությունները, այնքան խորթ են:

Նշենք, որ Ազգային  ժողովի՝ 2010 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ նիստում կոալիցիոն կուսակցությունները չէին մասնակցել «Ժառանգություն» խմբակցության՝ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծի քվերակությանը, դրանով տապալելով օրինագծի ընդունումը: