ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի կողմից ձեռք բերված ամերիկյան Բել-412-ի մասին զրուցել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, ով հավաստիացրել է, որ կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով:
Այս առնչությամբ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ամերիկյան ուղղաթիռների մասին
Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ հանրային քննարկումների դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:
Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ այսօր՝ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, այդ թվում ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, իրավունք չունի զենք ու զինամթերք վաճառել Ղարաբաղի հակամարտության կողմերին:





























