Freedom House-ի եւ միջազգային մյուս կազմակերպությունների գնահատականները, թե ԼՂ-ն ոչ ազատ երկիր է, անընդունելի են ղարաբաղյան իշխանությունների եւ իշխանամետ շրջանակների համար: Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը։
«Անկեղծորեն ասած, ես էլ եմ գտնում, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակն ավելի մոտ է մասամբ ազատին, քան ոչ ազատին։ Բայց առիթ եմ ունեցել ասելու, որ երկու կարգավիճակներն էլ ամոթալի են։ Իսկ ինչո՞ւ չպետք է ազատ լինի Լեռնային Ղարաբաղը։ Ի՞նչն է խանգարում ԼՂՀ իշխանություններին, որպեսզի Ղարաբաղը դառնա ազատ երկիր։ Այս հարցը Ղարաբաղում ոչ ոք ինքն իրեն չի տալիս, կամ քչերն են տալիս։ Մենք կարող էինք եւ պարտավոր էինք լինել ազատ երկիր. դրա համար բոլոր պայմանները կային։ Պատերազմից հետո ֆանտաստիկ, հրաշալի պայմաններ էին ստեղծված, որպեսզի կարողանայինք կայանալ իբրեւ ազատ երկիր, ուղղակի պետք էր ապաշնորհ լինել այս հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար»,- նկատեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով, ինքը չի կարող չփաստել, որ 2007 թվականից հետո ԼՂ-ում ժողովրդավարության հետընթաց է նկատվում։ «Ինձ համար մինչեւ հիմա անհասկանալի է 2007 թվականի նախագահական ընտրություններին միասնական թեկնածուի առաջադրման գաղափարը, ինձ համար անհասկանալի է քաղաքական բոլոր ուժերին մեկ տանիքի տակ հավաքելու գործընթացը, այն ժամանակվա իրական ընդդիմության՝ ՀՅԴ եւ «Շարժում 88» դաշինքի՝ իշխանությանը միանալը։ Այսօր էլ համազգային միասնականության գաղափարի ներքո ստեղծվել է մի մթնոլորտ, որը բացառում է բանավեճն ու մրցակցությունը։ Ղարաբաղում ընդդիմություն պարզապես չկա»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ շեշտելով, որ քաղաքական ուժ չլինելու պատճառով ինքն իրեն ընդդիմություն չի համարում, այլ պարզապես ներկայանում է որպես այլախոհ։
NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ընդդիմություն չլինելու փաստին արձագանքում ղարաբաղյան հանրությունը եւ չկա՞ն արդյոք մարդիկ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիրի դիրքերից, նախկին պատգամավորը պատասխանեց. «Ղարաբաղում կա իշխանությունների գործելաոճից դժգոհ բավական լայն մի զանգված, սակայն մարդիկ մտածում են, ավելի լավ է լուծվի արտաքին վտանգի հարցը, հետո ձեռնամուխ կլինենք ժողովրդավարությանը»,- բացատրեց նա:
Ամփոփելով՝ Բաղդասարյանը նկատեց, որ ԼՂՀ, ինչպես նաեւ հայաստանյան իշխանությունները պետք է փոխվեն։ «Իշխանությունները Ղարաբաղում միշտ ձեռքից ձեռք են անցնում, մինչդեռ գլխից գլուխ պետք է անցնեն։ Եկել է նոր գլուխների ժամանակը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի իշխանությունները ձեռքից գլխի անցնեն»,- ասաց նա։





























