Իրավապահ մարմինների գործողությունները չեմ մեկնաբանում, Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված ԱԱԾ-ն արդեն ազատ է արձակել եւ պարզ է, թե ինչ է եղել, իսկ Վաչագան Ղազարյանի հետ կապված նախաքննություն է գնում եւ նախաքննությանը չմիջամտելու շահերից ելնելով մեկնաբանություն չեմ անում: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նրան, որ նախօերին բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ապա ազատ արձակվել, իսկ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ վաչագան Ղազրայանը ձերբակալվել է, նրա մոտ մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել:

Դիտարկմանը, թե իր մոտ հարցեր չե՞ն առաջանում, որ Վաչագան Ղազարյանի մոտ այդ քանակի գումարներ են հայտնաբերել, ինչու իր մոտ նման գումարներ երբեք չեն եղել՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ պետական պաշտոնյա են եղել, Շարմազանովն ասաց. «Նախ, եկեք հարգենք անմեղության կանխավարկածը, երկրորդ, իմ մոտ ինչ-որ կա, հայտարարագրված է: Կարծում եմ՝ ավելի շատ հայտարարագրված է, քան կա, որովհետեւ այս 6 ամսում ծախսեր արվել են: Վաչագան Ղազարյանն իրավունք ունի ունենալու փաստաբան, գործընթացը կգնա, նա իրավունք ունի ցուցմունք տալ կամ չտալ»:

Նա չշտապեց ասել՝ արդյոք սա քաղաքական հետապնդում է, թե ոչ. «Չեմ ուզում շտապել, որովհետեւ շտապողականությունը քաղաքական կատեգորիա չէ: Կարծում եմ՝ պետք է իրավապահ մարմիններին հնարավորություն տալ ամբողջությամբ իրականացնել քննությունը, մյուս կողմից հարգենք անմեղության կանխավարկածը եւ ձերբակալվածին հնարավորություն տանք, որ նա փաստաբանի միջոցով կարողանա պաշտպանել իր շահերը»:

Շարմազանովն ասաց իմ ցանկացած գնահատական կարող է միջամտություն լինել. «Ես սովոր եմ կարծիք արտահայտել այն բաների մասին, որի մասին ունեմ ամբողջական ինֆորմացիա: Մի բան կարող եմ ասել՝ հարուստ լինելը վատ բան չէ, վատ բան է ապօրինի ճանապարհով հարստանալը: Դրա համար կա նախաքննություն, թող նախաքննությունը պարզի։ Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա ինձ վրա վերցնել»,- ասաց նա:

Շարմազանովն ասաց, որ չի կարող ասել, որ Վաչագան Ղազարյանը իր ընկերն է, բայց մտերիմ հարաբերություններ ունի. «Ես մտերիմ հարաբերություններից չեմ խուսափել եւ չեմ խուսափում: Ի վերջո, նա այն մարդն է, որ ծառայություններ ունի Արցախյան հերոսամրտի տարիներին: Ես չեմ ուզում խոսել անձերից, մենք պետք է խոսենք երեւույթներից։ Հենց մենք սկսեցինք կենտրոնանալ անձերի վրա, տանուլ ենք տալու: Վարչապետն էլ էր ասում՝ չպետք է լինի վենդետաներ, վհուկների որս: Հայաստանում պետք է փակենք անձերի դեմ պայքարի էջը, պետք է պայքարել վատ երեւույթների դեմ»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

«Քաղաքական մերժողականությունը, ընտրողաբար արդարադատությունը Հայաստանում պետք է բացառվի։ Ընտրողական արդարադատությունն ամենամեծ վտանգներից մեկն է, որ կարող է սպառնալ Հայաստանին՝ կոռուպցիայի եւ անարդարության հետ մեկտեղ: Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Խաչիկյանին ձերբակալեցին, ինքն իմ երեխայի քավորն էր, իմ ուսանողական ընկերը, եւ ես ասացի, որ ինքն իմ ընկերն է ու մարդկային հարաբերությունները նրա հետ շարունակել եմ, հինգ տարի այցելել եմ նրան՝ ազատազրկման վայր: Բայց միեւնույն ժամանակ, եթե դատարանը որոշել է, որ նա մեղավոր է, նա պետք է իր արժանի պատիժը կրի։ Անձերն ու երեւույթները տարբեր են։ Ես որեւէ գնահատական չեմ ուզում տալ, դրա համար կան իրավապահ մարմիններ, փաստաբաններ», - ընդգծեց Շարմազանովը: