Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ռազմական հռետորաբանությունն ու սուր ճոճելը անտեղի են, ցավալի է, եթե ոչ անհեթեթ: Ներքին օգտագործման համան նախատեսված լեզուն եւ բանակցային լեզուն անհամապատասխանություն ունեն: Բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտ է ավելի պատասխանատու եւ խելամիտ կողմ լինի»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 26-ին, Ադրբեջանի Զզինված ուժերի կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «հակառակորդը պետք է հասկանա` չկա որեւէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չկարողանա ոչնչացնել»: Նրա խոսքով, «Հայաստանը չի կարող եւ չի կարողանա մրցակցել մեզ հետ, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ»: