Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, թե երկրի ղեկավարությունից ինչ-որ մեկը ցանկացել է, որ ՔԲԿ-ն սպանի Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերին, բայց ինքը հրաժարվել է կատարել դա: Այդ մասին գրում է թուրքական Today`s Zaman-ը՝ նկատելով, որ այդ տեղեկությունը հայտնվել է լրագրող Ջենգիզ Քափմազի «Օջալանի օրերը Իմրալիում» գրքում:
«Ես չեմ հիշում, ասել եմ այդ մասին ավելի վաղ, թե՝ ոչ: 1996թ. պետությունից ինչ-որ մեկն ուզում էր, որ մենք սպանենք Չիլլերին: Նրանք ինձ ասացին, որ կստեղծեն բոլոր պայմանները, եւ մենք պետք է պարզապես սպանենք նրան, բայց ես հրաժարվեցի: Մենք դեմ էինք նման դավադրություններին ի սկզբանե»,- ասել է Օջալանը, ով այդ մասին ասել է 2007-ին իր փաստաբաններին:
Լրագրողը պնդում է նաեւ, որ որոշ զինվորականներ խնդրել են Օջալանից ակտիվացնել գործողությունները թուրք զինվորների դեմ: Նրանք 2000թ. այցելել են Օջալանին բանտում եւ ասել, որ ոչ ոք լուրջ չի վերաբերվի ՔԲԿ-ին, եթե շարունակեն մանր-մունր ընդհարումները:





























