Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն եւ նրա ընկերներին բռնություն կիրառելու մեջ մեղադրվող 4 անձինք ազատ են արձակվել կալանավորման հիմքեր չլինելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Մենք Վերաքննիչ բողոք էինք ներկայացրել եւ դատարանը բավարարեց  մեր դիմումը՝ նրանց ազատ արձակելով, քանի որ կալանավորման հիմքեր չէր տեսնում»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի, գործն ուղարկվել է դատարան:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:

Մասնավորապես՝ անչափահասները բողոքի ակցիայի շրջանակներում փակել են փողոցի աջակողմյան երթեւեկելի հատվածը, որի ժամանակ մոտեցել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի գերմանական համարանիշի մի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վարորդի, ուղեւորների եւ անչափահասների միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ վերջիններիս նկատմամբ կիրառվել են բռնություններ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին:  Բացի այդ, «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայից վերցրած փայտե մահակով հարվածել է Երեւանի բնակիչ, 2001թ. ծնված անչափահասին: