Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին այսօր՝ հունվարի 26-ին ստորագրել են ՀԲ-ի վարկային 2009-2012թթ փաթեթի երեք վարկային համաձայնագրեր (25 մլն, 24 մլն եւ 19 մլն դոլարի չափով): Դրանք են. «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագիրը», «Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագիրը» եւ «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)»-ը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են ՀԲ-ի հետ համաձայնեցված մի շարք նախապայմաններ`  աղքատության կրճատման եւ տնտեսության խթանման ուղղությամբ, որի արդյունքում ՀԲ-ն ՀՀ կառավարությանը տրամադրելու է 25 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ, որից 21 մլն-ը արտոնյալ պայմաններով (20 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, 0,75 տոկոս), իսկ 4-ը առեւտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

«Էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագրի» համար կհատկացվի 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ` մրցակցային էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների նորարարության առկա խոչընդոտները վերացնելու` բազային ենթակառուցվածքները հզորացնելու եւ նպաստավոր միջավայր ստեղծելու նպատա­կով: Ծրագիրը բաղկացած է երեք մասերից. Էլեկտրոնային հասարակության ենթակառուցվածքների զարգացում, ձեռնարկությունների նորարարության խթանում եւ ծրագրի կառավարում: Վարկը տրամադրվում է առեւտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):

«Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (APL-2)» ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀՀ առողջապահության նախարարության կարողությունները` համակարգի ավելի արդյունավետ կառավարման համար, ընդլայնել ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգը եւ ընտրված մարզերում արդիականացնել առողջապահական ծառայությունների մատուցման ընտրված ցանցերը/ենթակառուցվածքները` բնակչությանն առողջապահական ավելի մատչելի, որակյալ եւ կայուն ծառայություններ մատուցելու համար: Ծրագրի իրականացման համար հատկացվելու է 19 մլն ԱՄՆ դոլարին համարժեք  գումար: Վարկը տրամադրվում է առեւտրային պայմաններով (25 տարի մարման ժամկետ, որից 10-ը արտոնյալ, տոկոսադրույքը` վեցամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + լողացող մարժա):