Այս պահին հստակ չեմ կարող ասել, դա կախված է Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից նախաքննության ընթացքում: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:

«Եկեք առաջ չընկնեմ, դեռեւս Նազիկ Ամիրյանը կասկածյալի կարգավիճակ ունի, 72 ժամվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը հունիսի 27-ին անձամբ է ներկայացել նախաքննական մարմին: Նշենք, որ ձերբակալության որոշումը մի քանի օր առաջ է կայացվել, բայց ոստիկանությունը չէր կարողանում հայտնաբերել Ամիրյանին:

Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  հանցավոր արարքի կատարման մեջ. ըստ մեղադրանքի՝ նա անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման եւ փաստացի բնակության հասցեում՝ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:

Նախաքննությունը շարունակվում է: