ՆԱՏՕ-ն հույս է հայտնել, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները կկարգավորեն Մոսկվայից S-400 հրթիռային համակարգերի գնման Անկարայի մտադրության շուրջ տարաձայնությունները: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:
«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները ցանկացած տարաձայնություն կկարգավորեն դաշնակցական համերաշխության ոգով»,- ասել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը:
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ ինքնուրույն է որոշում կայացնում տեխնիկայի գնման վերաբերյալ: «Որոշումը, թե ինչ ռազմական տեխնիկա գնել, կախված է դաշնակիցներից: ՆԱՏՕ-ի համար կարեւոր է, որպեսզի ձեռք բերվող տեխնիկան ունակ լինի համատեղ գործել»,- ասաց նա:
Դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ «զինված ՆԱՏՕ-ի օպերատիվ համատեղելիությունը հիմնարար նշանակություն ունի դաշինքի առաքելությունների ու օպերացիաների իրականացման համար»: «Սարքավորումների ձեռքբերումը ՆԱՏՕ-ի մյուս երկրներից, ընդհանուր առմամբ, բարձրացնում է համատեղելությունն ու անվտանգությունը: Հետեւաբար, մենք ողջունում ենք դաշնակիցների միջեւ ցանկացած համագործակցություն՝ առանցքային ներուժի ձեռքբերման նպատակով»,- ավելացրել է նա:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միտչելը հունիսի 26-ին հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400-ի ձեռքբերումը Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառման եւ երկկողմ հարաբերությունների որակական փոփոխությունների կհանգեցնի :





























