Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող փոխմարզպետներ Անդրանիկ Ղուկասյանին եւ Արամ Խարչատրյանին տրամադրել է մարզպետարանի վարչություն-բաժինների ընդամենը 10 տոկոսը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Վանաձորի մարզպետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանը:
Փոխմարզպետը անդրադարձավ մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից իր վերահսկողությանը հանձնված ոլորտներին. «Երեկ կատարվեց ոլորտների բաժանում տեղակալների մեջ: Ինձ որպես վերահսկող դեր կատարող ոլորտներից բաժին է հասել հողօգտագործման ու հողաշինության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հետ կապերի բաժինները եւ Տաշիրի տարածաշրջանը՝ հարկահավաքման հետ կապված հարցերի կազմակերպման համար»:
Մասնագիտությամբ բժիշկ Անդրանիկ Ղուկասյանը տրամաբանական չի համարում մասնագիտական՝ առողջապահական ոլորտն իր վերահսկողությանը չտրամադրելը: Այդուհանդերձ, վստահեցնում է՝ անկախ ամեն ինչից ցանկացած ոլորտում խնդիր նկատելու դեպքում բարձրաձայնելու է:
Փոխազպետը նշում է նաեւ, որ աշխատանքային երեք օրերի ընթացքում եկել է եզրահանգման, որ մարզպետարանում որդեգրվել է իրեն լուսանցքից դուրս թողնելու քաղաքականություն:
«Մարզպետարանում տեղի են ունենում տարբեր խորհրդակցություններ, ես որպես մարզպետի տեղակալ խորհրդակցությունների մասին տեղյակ չեմ լինում: Որդեգրվել է մի գործելաոճ, որ մեզ ուզում են դուրս թողնել լուսանցքից եւ չներգրավել այդ աշխատանքներում»,- ասաց Ղուկասյանը:
Նա անդրադարձավ նաեւ մարզպետի կողմից երկու ծառայողական մեքենաների օգտագործմանը, դա դիտարկելով որպես ճոխություն: Փոխմարզպետը նկատեց, որ մարզպետին սպասարկող մեքենաները կայանվում են հենց մարզպետարանի մուտքի դիմաց՝ մեքենաների կայանման համար չթույլատրված տեղում, ինչը նշանակում է, որ մարզպետը կատարում է վարչական իրավախախտում եւ կարող է տուգանքի ենթարկվել ՃՈ աշխատակիցների կողմից:











