Հունիսի 29-ին Հայաստանում «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո կմեկնարկի DigiTech տասնմեկերորդ բիզնես-ֆորումը:
Համաժողովի նպատակն է խթանել պետական համակարգում եւ տնտեսության տարբեր ոլորտներում առաջատար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը: Ֆորումի արդյունավետ բովանդակությունը կապահովվի բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման լավագույն միջազգային եւ տեղական փորձի ներկայացմամբ, ինչպես նաեւ՝ գործարար շրջանակների ներկայացուցիչների, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների մասնակցությամբ:
«Սա միակ հարթակն է, որտեղ ՏՏ ընկերությունները կարող են շփվել գործարարների հետ, ներկայացնել իրենց լուծումները: Իսկ բիզնեսն այստեղ հնարավորություն է ընձեռում միաժամանակ ծանոթանալ բազմաթիվ տեխնոլոգիական լուծումների հետ»,- հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: Նրա խոսքով՝ DigiTech-ի գործարար համաժողովի շրջանակներում կքննարկվեն պետական նշանակության խնդիրներ եւ այլ ոլորտներում կիրառվող ՏՏ լուծումներ, մասնավորապես՝ ռազմական արդյունաբերության, կիբերանվտանգության, վերականգնվող էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման, համացանցի, լրացված եւ վիրտուալ իրականության (AR/VR), արհեստական ինտելեկտի, տվյալների գիտության (data science), ինչպես նաեւ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (Տվյալների պաշտպանության մասին Գլխավոր կանոնակարգ, General Data Protection Regulation, GDPR):
«Ֆորումի շրջանակներում նաեւ փակ քննարկում կանցկացվի ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության ներկա մարտահրավերների վերաբերյալ, որին կմասնակցեն պաշտպանության նախարարն ու շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Այս քննարկման ժամանակ ընկերությունները կկարողանան ներկայացնել իրենց լուծումները ռազմական արդյունաբերության ոլորտի համար»,- նշեց Ալեքսանդր Եսայան:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ վարչապետին առաջարկվել է երկրի տեխնոլոգիական արդիականացման կոմիտե ստեղծել, այդ թվում՝ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ռազմական արդյունաբերությունը, բիզնեսը, ենթակառուցվածքները, կրթությունը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաները կառավարության ծրագրում կարեւոր տեղ են զբաղեցնում: «Պետք է շատ լուրջ վերաբերվել բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ հասկանալու, թե ինչպես պետք է գործնականում կիրառվեն կառուցողական լուծումները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես տնտեսության գիտական հիմք, կարեւորագույն նշանակություն ունի, եւ մեզ մոտ այն արագացված տեմպերով է զարգանում. Հայաստանում ՏՏ ընկերությունների մեծ մասը ստեղծվել է վերջին երեք տարվա ընթացքում», - ասաց փոխնախարարը:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Ռուբեն Մուրադյանն իր հերթին հավելեց, որ Հայաստանում կիբերանվտանգության ոլորտը, բիզնեսը եւ պետական կառույցները պետք է համագործակցեն: «Տեղեկատվության արտահոսքը ֆիքսվում է. երկու տարի առաջ Հայաստանին ծանր հարված էին հասցրել կրիպտովիրուսները, իսկ անցյալ տարի խնդիրներ կային բանկային համակարգում»,- հիշեցրեց փորձագետը:
DigiTech տասնմեկերորդ բիզնես ֆորումը կշարունակվի մինչեւ հունիսի 30-ը: Վերջին օրը փակ բանակցություններ են նախատեսված ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ:





























