Նախնական տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչությունը կապ չունի Չեչնիայի Հանրապետության հետ, լրագրողներին ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծել է, որ դաշնային իշխանությունները երբեք չեն հրաժարվել բանակցություններ վարել կարգավորման ձգտող ուժերի հետ, եւ հիշեցրել է, որ նման բանակցություններ վարվել են Չեչնիայում ճգնաժամի ամենածանր փուլերում:
«Մենք այսօր կարող ենք վստահ ասել, որ այդ երկխոսությունը թույլ տվեց իրավիճակը կարգավորել Չեչնիայում»,- ասել է Պուտինը:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։
Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել 4 հոդվածներով. «ահաբեկչություն», «երկու եւ ավելի մարդկանց սպանություն», «զենքի եւ պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն» եւ « զենքի եւ պայթուցիկ նյութերի պատրաստում»:
Ահաբեկչությունից տուժած 110 մարդ գիշերվա ժամը 3-ի դրությամբ, գտնվել են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի տարբեր հիվանդանոցներում, հայտնել է Առողջապահության եւ սոցիալական զարգացման փոխնախարար Մաքսիմ Տոպիլինը: «48 մարդու կյանք գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասել է նա, հավելելով, որ զոհերի թիվը չի փոխվել՝ 35 մարդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ճշտված տվյալների համաձայն, «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական պայթյունից տուժածների շարքում կա 4 հայ:
Դա 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանն է (ապրում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում, տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը (տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը ( տեղափոխվել է թիվ 71 քաղաքային հիվանդանոց) եւ 52-ամյա Պողոսբեկով Ա.Ա.-ն (տեղափոխվել է Վիշնեւսկիի անվան վիրաբուժական ինստիտուտ):
Տուժած հայերի քաղաքացիությունը ճշտվում է: Զոհերի թվում հայկական ազգանուններ չկան:





























