Վաչագան Ղազարյանը կալանավորվեց: Դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում ունեցած դրամական միջոցների իրական չափը չնշելու համար: Ձերբակալվելուց հետո Վաչագան Ղազարյանն ասել էր՝ «մոռացել է» հայտարարագրել դրանք:
Իսկ Մանվել Գրիգորյանի կնոջ կալանավորման հարցով Քննչական ծառայությունը դեռ որոշում չունի: Ապօրինի կերպով զենք եւ զինամթերք պահելու մեղադրանքով Նազիկ Ամիրյանը, հիշեցնենք, նախօրեին ձերբակալվել է. իրավապահների խոսքով՝ նա անձամբ է ներկայացել նախաքննական մարմին: Քննչական ծառայության պետն այսօր լրագրողներին ասել է՝ կալանավորման միջնորդություն ներկայացնելը կախված կլինի Ամիրյանի հետագա վարքագծից:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, որին ոստիկանությունն ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկեց, ապա ազատ արձակեց. ոստիկանապետը հավաստում է՝ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Վալերի Օսիպյանը նաեւ պնդում է, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իր վրա ճնշում չի գործադրվել:
Բաղրամյան 26-ի թնջուկը վերջապես հանգուցալուծվեց. Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ այն վերադարձվում է Հանրապետության նախագահի աշխատակազմին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի օրոք էր որոշվել, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուց հետո նախագահի նստավայրը կլինի Կառավարության ընդունելությունների տունը, իսկ նախագահի նստավայրը վարչապետին կտրվի: Պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է քննադատել այս որոշումը եւ այսօր հայտարարեց, որ հրաժարվում է Բաղրամյան 26-ից:
Գործադիրն այսօր որոշեց նաեւ 1 տարով հետաձգել դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի կիրառումը: Հարցի քննարկման ժամանակ վարչապետը կոչ արեց նախ հանրության հետ ակտիվ երկխոսություն ծավալել, հետո միայն որոշումներ կայացնել: Հակառակ պարագայում՝ այս հետաձգումներն անիմաստ են:
Նշենք, որ այս որոշումը չի տարածվում հոգեմետ, հակաինֆեկցիոն եւ թմրանյութեր պարունակող դեղամիջոցների վրա. դրանք շարունակվելու են դուրս գրվել միայն դեղատոմսով: Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարը պարզաբանեց հետաձգման պատճառը. որոշումը կայացվել է, որ համակարգի ներդրումը ճիշտ լինի:
Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նախարարի խոսքով՝ 50 բժշկի աշխատավարձը բարձրացել է, քանի որ սկսել են միջոցները ճիշտ ծախսել: Ի դեպ, կենտրոնում, Թորոսյանի խոսքով, ներքին աուդիտ է անցկացվում, որի ավարտից հետո նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանից էլ լրագրողները հետաքրքրվել են ԱԱԾ-ում հարցաքննությունից: Պաշտոնյան հարցաքննվել էր 11 սուպերմարկետներին ԱՁ-ների միջոցով գործելու թույլտվություն տրամադրելու գործով: Մաշադյանը հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց, անպատասխան թողեց նաեւ հարցը, թե այս գործով ներգրավվա՞ծ են Վարդան Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը:
Բուժհիմնարկների մասին, այնուամենայնիվ, ՊԵԿ փոխնախագահը խոսեց: Պարզվում է՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող հիվանդանոցում խախտումներ են հայտնաբերվել:
Ազատ արձակվեցին «Սասնա ծռեր» խմբի եւս երկու անդամներ՝ Վարդգես Գեւորգյանն ու գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Վարդգես Գեւորգյանի կալանքը փոխելու համար «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էին երաշխավորել, իսկ Աշոտ Պետրոսյանն ազատ արձակվեց 500 հազար դրամ գրավի դիմաց: «Սասնա ծռերի» գործը, հիշեցնենք, երեք մասի է բաժանվել, եւ Արտուշ Գաբրիելյանը, փաստորեն, փոխեց իր մոտ քննվող գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցն ու նիստերի դահլիճից ազատ արձակեց նրանց: Մյուս երկու դատավորները՝ Մեսրոպ Մակյանն ու Արշակ Վարդանյանը, «դժվարությամբ» են փոխում իրենց գործերով ամբաստանյալների խափանման միջոցները:
Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Վայոց ձորի Մալիշկա համայնքի ղեկավարը: Ոստիկանությունը պարզել է, որ նա կնոջն ու երկու որդիներին որպես մարզիչ ձեւակերպել է գյուղի մարզադպրոցում եւ ամսական նրանց տվել ընդհանուր շուրջ 900 հազար դրամ աշխատավարձ: Նրանք, սակայն, փաստացի չեն աշխատել: Բացի այդ՝ գյուղապետը մարզադպրոցում գրանցել է նաեւ հարսին՝ որպես բուժքույր. վերջինն աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է ընդհանուր 2 մլն դրամ աշխատավարձ: Քննություն է կատարվում:
Բաքուն հայտարարել է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների մասին: Դրանք պատրաստվում են անցկացնել հուլիսի 2-6-ը: Տեղական աղբյուրների համաձայն՝ վարժանքներին կմասնակցի մինչեւ 20 հազար զինվորական, մեծ քանակությամբ զինտեխնիկա: Զորավարժությունների անցկացման վայրը, սակայն, չի նշվում:
Իսկ հայկական կողմն այս առիթով Ադրբեջանին կրկին հիշեցրել է միջազգային պարտավորությունների մասին: Արտգործնախարարության մամուլի խոսնակը վկայակոչել է ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժինը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր էր զորավարժությունների մասին ծանուցել առնվազն 42 օր առաջ, ինչը չի արվել: Տիգրան Բալայանը նաեւ ընդգծել է, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը եւ խաղաղությանը:
Դոլարի ու եվրոյի արժեզրկումը չի դադարում: Հունիսի 28-ին դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 63 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:
Հունիսի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 1-ը 4-5 աստիճանով կբարձրանա, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի, իսկ ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:











