ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքացիներին հորդորում են առաջին հերթին ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերին հետեւել, հետո նոր ԱԱԾ եւ ոստիկանության բացահայտումներին: NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանն այսպես արձագանքեցին դիտարկմանը, թե սոցցանցերում քաղաքացիները բողոքում են նրանից՝ չգիտեն ԱԱԾ-ի եւ ոստիկանության բացահայտումներին հետեւեն, թե՞ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտեն:
«Լավ ֆուտբոլին եմ երկրպագում, թող քաղաքացիները ֆուտբոլ դիտեն, ֆուտբոլը հետաքրքիր է»,- կատակեց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ինքը չի հասցնում հետեւել Աշխարհի առաջնության խաղերին:
Վալերի Օսիպյանն էլ ասաց, որ շատ է սիրում ֆուտբոլ: Ոոստիկանապետը նույնպես չի հասցնում հետեւել խաղերին, բայց վստահեցնում է, որ եզրափակիչը դիտելու է:
«Մեր քաղաքացիներին կհորդորեմ անհոգ լինեն, ֆուտբոլ դիտեն, հաջորդ օրը կիմանան, թե ինչ են արել իրավապահները»,- հավելեց Օսիպյանը:











