Ռուսաստանն ու Հայաստանը ՏՏ եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու մեծ հեռանկարներ ունեն, քանի որ Հայաստանը առանձնահատուկ ներուժ ունի այս ոլորտում: Այս մասին հունիսի 29-ին Երեւանում ընթացող Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Նրա խոսքերով, սա, առաջին հերթին, վերաբերում է ազգային տնտեսության տարբեր ճյուղերի կիրառական ՏՏ լուծումներին: ՌԴ նախարարը նշեց, որ շարունակում է արդիական լինել ՏՏ ծրագրերի աջակցության ներդրումային ֆոնդի ստեղծման գաղափարը, եւ այդ նախագծերից մեկը, որոնց կարելի է աջակցել առաջին հերթին, «ՌՏ-ինվեստ տրանսպորտային համակարգեր» ընկերության կողմից առաջարկվող տրանսպորտային նախագիծն է:

«Ռուսաստանում ակտիվորեն իրականացվում է ճանապարհային տրանսպորտի երթեւեկության հաշվառման համանման համակարգ, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, եւ, փորձագետների կարծիքով, 2018 թվականին Հայաստանում այն ներդնելուց հետո հանրապետության բյուջեն կամալրվի տարեկան հավելյալ 31 մլն դոլարով»,- նշեց Մեդինսկին:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումը, որն անցկացվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում» կարգախոսի ներքո: