Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ–ում կազմում է 4 տոկոս, որը համապատասխանում է զարգացած երկրների մակարդակին։ Այս մասին հունիսի 29–ին Երեւանում կայացած Հայ–ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումում հայտարարել է Synopsys–ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։
Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը դեռ 15 տարի առաջ ՏՏ ոլորտը հայտարարել էր տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություն եւ այս տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։ «ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու պահանջները, որոնք բնորոշ են զարգացած քաղաքներին, միանշանակ զգացվում են Երեւանում»,–նշել է Հովիկ Մուսայելյանը։
Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտի տարեկան աճը Հայաստանում կազմում է մոտ 25-30 տոկոս: Միեւնույն ժամանակ, այս ոլորտում ներգրավված են շուրջ 800 ընկերություններ, եւ բացվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ:
«Երեւանի քաղաքային տնտեսության շատ ոլորտներ թվայնացվել եւ ավտոմատացվել են։ Ավելին, ներդրվել են կառավարման, վերահսկման եւ անվտանգության համակարգեր»,–նշել է նա։
Ներկայումս, նրա խոսքով, մշակվում են ծրագրեր հանրային տրանսպորտի մենեջմենթի, ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման ոլորտում, ջեռուցման էներգախնայող համակարգերի օգտագործման եւ կենցաղային աղբի կառավարման համար։




























