Ինչպես երեւում է, Բաքվում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի նախապատրաստությունը ընթանում է ամբողջ թափով: Այս անգամ հերթը հասել է հայկական անունների դեմ «պատերազմին»,- գրում է argumenti.ru-ն:

Ինչպես հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը, շուտով Ադրբեջանում կընդունվի «Անունների մասին» օրենքը: Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կազմում ընդգրկված գիտական ինստիտուտները, լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացրել անունների հետազոտման բնագավառում եւ պատրաստել մեխանիզմ, թե ինչպես պետք է անվանակոչեն նորածիններին:

Այն անունները, որոնք կհամապատասխանեն Ադրբեջանի ազգային, մշակութային եւ գաղափարական արժեքներին, կընդգրկվեն «կանաչ ցանկում»: Այդ անունները կարող են առանց սահմանափակումների տալ նորածիններին: Անունների հաջորդ կատեգորիան «դեղին ցանկն» է. դրանք անցանկալի կամ այլ լեզուներով տգեղ հնչող անուններն են:

Եվ վերջապես, երրորդ կատեգորիան «կարմիր ցանկն» է, որում ընդգրկված անունների օգտագործումը կարգելվի: Այդ ցանկում, առաջին հերթին կընդգրկվեն ադրբեջանական ժողովրդի դեմ «ագրեսիա» կատարած անձանց անունները: Դժվար չէ գուշակել, որ խոսքը հայկական անունների մասին է:

Այդ օրենքն ընդունելու համար պետք է փոփոխվի օրենսդրությունը, բայց փորձագետները նշում են, որ առանձնապես մեծ դժվարություններ չեն լինի:

Ներկայումս երկրի արդարադատության նախարարությունում ընթանում է  անունները գրանցումն, ըստ կատեգորիաների: