Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար հայկական կողմին տրամադրված 270 մլն դոլար ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա։ Այս մասին հունիսի 30-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ մեկնաբանելով NEWS.am-ի թղթակցի հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մասին՝ ապահովել ռուսական վարկի վերադարձը սակագներով։

Նրա խոսքով, այդ ռիսկերն արդեն հաշվի են առնվել։

«Միանգամից հայտարարում եմ, որ ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագների վրա, քանի որ այդ ռիսկերն արդեն հաշվի են առնվել»,-շեշտեց նախարարը։

Բաշխիչ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների եւ էներգակիրների սակագների ձեւավորման վրա ազդող այլ գործոնների առնչությամբ նա նշեց, որ կառավարությունը ներկայումս քննարկում է էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների կառուցվածքը:

«Նախարարությունը հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության եւ մյուս կայանների հետ մանրամասն ուսումնասիրում է, թե ինչպիսին են կորուստների ծավալները ցանցերում եւ էներգակիրների սակագները ձեւավորող մյուս կոմպոնենտները, որպեսզի համոզվենք, թե որքանով է հնարավոր կրճատել սակագները, այս գործընթացը շուտով կավարտվի։ 4-5 դրամով սակագների նվազեցման հնարավորության շուրջ վերլուծական եզրակացությունները պետք է հիմնավորված լինեն»,-հավելել է նախարարը։

Քննարկումները, նրա խոսքով, բաց են փորձագետների համար, եւ բոլոր ողջամիտ առաջարկները հաշվի կառնվեն։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի մյուս հարցին, թե արդյոք չեն հակասում էներգակիրների սակագների նվազեցման հնարավորությունը դիտարկելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը եւ ռուսական վարկային պարտավորությունների սպասարկումը էլեկտրաէներգիայի սակագներում ընդգրկելու մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ նախարարը նկատեց, որ ներկա քննարկումները ենթադրում են վարչապետի հանձնարարականի իրականացում։

Այնուամենայնիվ, գերատեսչությունը չի կարող փոփոխության ենթարկել սակագները, լիազոր մարմինը այստեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է. «Ես չեմ ցանկանում պատասխանատվություն ստանձնել, ժամանակից շուտ հայտարարություններ անել։ Մենք այս ուղղությամբ քննարկումներ ենք սկսել, եւ դրանք արդյունք կտան, եթե կարգավորող մարմինը համապատասխան որոշում ընդունի։ Մենք մեր կողմից կներկայացնենք վերլուծական հետազոտությունների արդյունքները»,-եզրափակել է նախարարը։