NEWS.am-ի եգիպտոսի ընթերցող, Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս Անժելա Հարությունյանը խմբագրությանը հայտնում է, որ Կահիրեի ոստիկանները Երեւանի ժամանակով 21.00-ի սահմաններում սկսել են ցրել ցույցի հավաքվող մարդկանց:
«Ոստիկանությունը թվով 15-20 մարդկանցից բաղկացած խմբերին ցրում է, չեն թողնում որ մարդիկ գնան դեպի Կահիրեի կենտրոն։ Հայտարարվում էր, որ նախկինում 200 մարդ է ձերբակալվել, բայց այժմ իրականացվող ձերբակալությունները ավելի շատ են»,- ասաց նա։ Հարությունյանի փոխանցմամբ՝ ցուցարարները պայմանավորվել են բողոքի ակցիաներ սկսել հունվարի 28-ին, ուրբաթ օրը՝ երեկոյան նամազից հետո։ «Այժմ հակասական նորություններ կան, Twitter-ում որոշ մարդիկ գրում են, որ ոստիկանությունը սկսել է կրակել ցուցարարների վրա, բայց պարզ չէ ռետինե փամփուշտներո՞վ են արդյոք կրակում, թե…»,- նշեց Հարությունյանը։ Ըստ նրա՝ Կահիրեի ոստիկանությունը մինչեւ այժմ ցուցարարների դեմ կիրառել է ռետինե մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսում հունվարի 25-ին սկսված հանրահավաքները վերաճել են բախումների ոստիկանության հետ։
Մամուլի հրապարակումների համաձայն Եգիպտոսը լքել է նախագահ Հոսնի Մուբարաքի ավագ որդի, նախագահի ամենահավանական թեկնածու Համալ Մուբարաքը։ Նա հունվարի 25-ի ուշ երեկոյան կնոջ, դստեր հետ մեկնել է Մեծ Բրիտանիա։
Հիշեցնենք, որ բախումների արդյունքում մոտ 200 մարդ էր ձերբակալվել։ Մահացել է 1 ոստիկան, եւ երեք ցուցարար։
Նշենք նաեւ, որ մոտ 8500 անդամ ունեցող եգիպտահայ համայնքն ապրում է հիմնականում Կահիրեում։





























