Սոչիում շաբաթ ավտոմեքենայի եւ ավտոբուսի բախման հետեւանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել, հաղորդել է Կրասնոդարի երկրամասի հարցերով ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

«Ըստ նախնական տվյալների, Renault Logan տաքսի մեքենան, խախտելով երթեւեկության կանոնները, դուրս է եկել  հանդիպակաց գիծ, ինչի հետեւանքով բախվել է ավտոբուսին: Պատահարի հետեւանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը տեղում մահացել են: Եվս մեկ ուղեւոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:

 «Պարզվել է, որ ավտոբուսում ուղեւորներ չեն եղել, վարորդը չի տուժել: Renault Logan-ում երեք մարդ է եղել՝ վարորդը՝ ՌԴ քաղաքացի, եւ ուղեւորները, որոնք  Հնդկաստանի քաղաքացիներ են», - նշել են ոստիկանությունում:

Հնդկաստանի դեսպանատունը Սոչիում պատահարի ժամանակ երկրպագուի մահվան կապակցությամբ Ռուսաստանի իշխանությունների հետ կապ է պահպանում: