Բանակում գոյություն ունի «սպայի պատիվ» հասկացություն, եւ եթե գնդում կամ դիվիզիայում սպան արատավորում է իր պատիվը, ապա սպայի պատվի դատարանը դատում է այդ սպային: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով Երկրապահ կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանի սկանդալային գործի հետ կապված իրավիճակը:

Այսպիսով, ըստ Տեր-Գրիգորյանցի, այդ սպային կամ պաշտոնաթող են անում, կամ զրկում են կոչումից կամ ընդհանրապես հեռացնում են զինված ուժերի շարքերից:

 «Մանվել Գրիգորյանը սպա չէ: Նա չի ավարտել սպայական ուսումնական հաստատություն: Հնարավոր է, նա անգամ սպայի պատվի մասին չգիտի: Բայց նա գեներալ է դարձել, որովհետեւ մենք ենք նրան նշանակել այդ պաշտոնում, իսկ գլխավոր հրամանատարը, այն ժամանակ դեռ Սերժ Սարգսյանը, ելնելով պաշտոնի կատեգորիաներից, զինվորական կոչումներ էր տալիս: Այսինքն, նա զբաղեցրած պաշտոնից ելնելով է գեներալ դարձել, եւ նա պետք է պահպաներ սպայի պատիվը եւ ընդհանրապես չվիրավորեր այդ զինվորական կոչումը, որովհետեւ դա հանցագործություն է», - բացատրեց  գեներալ-լեյտենանտը:

Նա հավելեց, որ եթե զինվորները, սերժանտները եւ ցածր օղակի սպաները ականատես դառնան, որ վերադաս սպան արատավորում է պատիվը, ապա նրանք կդադարեն նրան հարգել եւ ենթարկվել, քանի որ այդ երեւույթը շատ վտանգավոր է հատկապես մի երկրում, որն ըստ Տեր-Գրիգորյանցի, փաստացի պատերազմական վիճակում է:

 «Իսկ  թե ինչ էր նա անում եւ իսկապես նա այդպիսին է, ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ ես քննիչ չեմ: Իսկ այն ինչ ցույց տվեցին, ինձ թվում է, պետք է քննություն կատարեն, պետք է պարզեն, ինչ զենք էր եւ ինչի համար էր նախատեսվում՝ երկրում հեղաշրջում իրկանացնե՞լու: Նա հեղաշրջում չի արել: Ընդհակառակը՝ երկրում բոլորովին այլ ճանապարհով փոփոխություն տեղի ունեցավ», - ընդգծեց  Տեր-Գրիգորյանցը:

Նա նշեց, որ կան զենքը պահելու որոշակի կանոններ եւ պետք է համապատասխան գործողություններ կատարվեն այս գործի   բոլոր հանգամանքները պարզելու համար, հավելենք, որ վաղաժամ եզրակացություններ պետք չէ անել, քանի որ անմեղության կանխավարկած կա: Սակայն ղարաբաղյան պատերազմի հերոսը նկատեց, որ եթե Մանվել Գրիգորյանն, ամեն դեպքում, կատարել է այդ հանցագործությունները, ապա նա արատավորել է սպայի պատիվը եւ վիրավորել ոչ միայն իր ազգանունը, այլեւ իր զինվորական կոչումը, երկիրը, ազգին եւ հայկական բանակին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է իր ամառանոցում անօրինական զենք եւ զինամթերք հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: