Բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ իրավապահների բացահայտումները հասնեն նաեւ Հայաստանի նախկին նախագահներին:

«Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Կապ չունի՝ հետաքննությունն ուր կհանգեցնի, դրանից վերաբերմունքը չի փոխվի»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ Հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 8-ից հունիսի 21-ը հրապարակված հաղորդագրությունների համաձայն՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացման, պետական գումարների չարաշահման, բյուջեից յուրացման, բյուջեի վատնման եւ պետությանը վնաս հասցնելու գործողությունների մեջ ներգրավված են ավելի քան 50 պետական հիմնարկներ եւ մասնավոր կազմակերպություններ: ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 1.5 մլրդ դրամ, որը կազմում է պետությանը հասցված 6 մլրդ դրամ վնասի 24.5 տոկոսը: