Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները Երեւանից երթով հասել են Արենի գյուղ եւ այնտեղ ստորագրահավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Ամուլսարի: NEWS.am-ի թղթակիցն Արենիից հաղորդում է, որ բնապահպանները նաեւ թռուցիկներ են բաժանել բնակիչներին:
Բնապահպանները ավտոերթը կշարունակեն դեպի Ջերմուկ, որտեղ ակտիվիստներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:
Բնապահպաններին այլ ակտիվիստներ կմիանան Եղեգնաձորից:
Նշենք, որ վայոցձորցիներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվելու՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:



































