«Քիմիական նյութեր» տեղափոխող ամերիկյան Cape Ray նավը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ականակիր նավի ուղեկցությամբ ժամանել է Պարսից ծոց: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Բոլֆազի Շեքարչն, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Al-Masdar News-ը:

Նրա խոսքով՝ նավը վերջերս է կայանել Պարսից ծոցի երկրներից մեկի նավահանգստում՝ Սիրիայի եւ Իրաքի առանձին շրջաններ բեռներ տեղափոխելու համար: Շեքարչին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել իր ներկայությունն այդ երկրներում՝ «դրա համար վտանգավոր մեթոդներ օգտագործելով»: Գեներալը հավելել է, որ Թեհրանը մանրամասն տեղեկություններ ունի նավի, անձնակազմի թվաքանակի, ինչպես նաեւ հենց բեռի վերաբերյալ՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը շուտով կհրապարակվի, ինչպես նաեւ կնշվեն նավի՝ տարածաշրջան ժամանելու նպատակները:

Գործակալության տվյալներով՝ աներիկյան նավը ավելի վաղ գտնվում էր Իրաքի եւ Սիրիայի ափերին, որտեղ «ԱՄՆ-ն ռազմական գործողություններ էր սկսել՝ ենթադրյալ քիմիական հարձակումներին պատասխանելու պատրվակով»: