ԵԱՀԿ–ում Հայաստանը բարձրաձայնում է իր մտահոգությունները Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների եւ կազմակերպության գործընկերներին տեղեկացնելու համակարգային խախտումների  շուրջ։ Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Բալայանը նաեւ նկատել է, որ փաստաթուղթը, որն ամրագրում է երկրի պարտավորությունը տեղեկացնել խոշոր զորավարժությունների մասին, չի նախատեսում որեւէ պատժիչ մեխանիզմ։ «Ադրբեջանը բնավորության գիծ է դարձրել լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնել առանց նույնիսկ տեղեկացնելու ԵԱՀԿ համապատասխան համակարգով։ Սա մտահոգվելու առիթ պետք է տա ոչ մի Հայաստանին, այլ ԵԱՀԿ բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են եւ ստանձնել են համապատասխան պարտավորություններն այդ նույն համաձայնագրով։ Ադրբեջանը ցուցաբերում է անպատասխանատու կեցվածք»,–նշել է Բալայանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նշված զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 2-ից մինչեւ հուլիսի 6-ը: Զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռաահրետանային համակարգեր, համազարկային կրակի եւ ականանետների համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր: Զորավարժությունների ժամանակ կհղկվի հարձակվողական օպերացիան: Զորավարժությունների անցկացման վայրը չի նշվում: