Վերջին տարիներին արցախա–ադրբեջանական շփման գծում մշտապես լարվածություն կա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
«Վերջին տարիներին արցախա–ադրբեջանական շփման գծում մշտապես լարվածություն կա։ Մշտապես Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում։ Այդտեղ առանձնահատուկ ոչինչ ես չեմ տեսնում»,–նշեց ԳՇ պետը։
Արտակ Դավթյանը շեշտեց, որ իրենք զորավարժություններին հետեւում են ուշի ուշով. «Մենք պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման։ Անհանգստացնող ոչինչ այս պահին չկա»։
Խոսելով լարվածության եւ պատերազմի վերսկսման հնարավորության մասին, նա ընդգծեց, որ ժողովուրդը եւ բանակը պետք է մշտապես պատրաստ լինեն. «Ցանկացած պարագայում միշտ էլ պաշտպանության նախարարը, հայկական ղեկավարությունը հայտարարում է, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած զարգացման, բանակը առավել եւս։ Անմիջապես պատերազմի վտանգ չկա։ Քանի ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում չկա, պատերազմի վտանգը միշտ էլ լինելու է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 2-ից մինչեւ հուլիսի 6-ը: Զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռաահրետանային համակարգեր, համազարկային կրակի եւ ականանետների համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր: Զորավարժությունների ժամանակ կհղկվի հարձակվողական օպերացիան: Զորավարժությունների անցկացման վայրը չի նշվում:











