Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ, 69-ամյա Ֆաուստ Բարսեղյանը 5-րդ թոռանն է բանակ ճանապարհում:
NEWS.am-ի հետ զրույցում Ֆաուստ պապը հպարտությամբ է ասում՝ 2 որդիներն Արցախյան պատերազմին են մասնակցել, թոռներից մեկը՝ քառօրյային: Հերթը 18-ամյա Գուրգենինն է. 2 տարի առաջ վերադարձել է Դանիայից, որ ծառայի Հայաստանի Զինված ուժերում:
«Թող Աստված զինվորների թիկունքին լինի, բարով գնան, ծառայեն եւ վերադառնան: Թոռանս խորհուրդ եմ տվել՝ տղամարդավարի կծառայես, հային վայել կպաշտպանես հայրենիքդ»,- Կենտրոնական հավաքակայանում մեզ հետ զրույցում ասաց Ֆաուստ պապը:
Ի տարբերություն պապի եւ հոր՝ Գուրգենը քչախոս է: «Շատ լավ տրամադրություն ունեմ»,- ասաց նորակոչիկը, իսկ հայրը հավելեց. «Մարտական է տրամադրված»:
Նշենք, որ այսօր մեկնարկել է 2018թ.-ի ամառային զորակոչը:











