Կառավարության առնվազն չորս գերատեսչություններ ուսումնասիրություններ են կատարում, որպեսզի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերջնական գնահատական տրվի, եւ կարողանանք, ի վերջո, այդ ռեֆորմների իրական արդյունքը մեր երկրի տնտեսությանը ծառայեցնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Դա նշանակում է, որ պետք է այնպիսի ակտիվներ ձեւավորել, որ անկախ նրանից՝ կուտակային համակարգը կլինի պարտադիր, թե՞ կամավոր, այստեղի ֆինանսական ակտիվները լինեն ապահովված, գրավիչ եւ առնվազն եկամտաբերության տեսանկյունից՝ նախընտրելի»,- նշեց նախարարը:

Արծվիկ Մինասյանը խոստովանում է, որ սրանք ինչ-որ առումով իրար հակասող մոտեցումներ են, բայց սրանց հավասարակշռումը չափազանց կարեւոր է համարում: «Հայաստանի տնտեսությունում պետք է ձեւավորենք այնպիսի ակտիվներ՝ արժեթղթերի տեսքով կամ ուղիղ ֆիզիկական ակտիվների տեսքով, որոնք հնարավորություն կտան փողերը երկրի ներսում պահել եւ շրջանառել: Տնտեսությանն օգուտ բերելու տեսանկյունից սա նշանակում է, որ պետք է ձեւավորենք արժեթղթերի կապիտալի համակարգ Հայաստանում: Այն, որ սա հնարավորություն է, փաստ է: Իսկ այս հնարավորությունը որքանով կկարողանանք վերածել իրական արժեքի, դա նաեւ յուրաքանչյուրիս գործն է, հատկապես՝ պատկան մարմինների»,- հավելեց նա:

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ կենսաթոշակի կուտակային համակարգն ավելի գրավիչ դառնա, Մինասյանն ասաց. «Նախ եւ առաջ, ցանկացած համակարգ պետք է համապատասխանի մայր փաստաթղթին՝ Սահմանադրությանը, ցանկացած երկիր հաջողության է հասնում, եթե դրանում ամրագրված մոտեցումները համապատասխանում են հիմնական օրենքին կամ խաղի այն կանոններին, որը ժողովուրդը ձեւակերպել է իր սահմանադրական կարգի տեսքով։ Երկրորդ կարեւոր գործողությունն այն է, որ յուրաքանչյուր ֆինանսական ակտիվ, տվյալ դեպքում՝ մարդկանց եկամուտը, երբ դուրս է գալիս մարդու գրպանից եւ գնում է կուտակման, վերածվի կոնկրետ ներդրումային ծրագրի, որպեսզի արդարացված լինի ժամանակավորապես ռեսուրսը հանելը եւ այն շրջանառության մեջ դնելը, որպեսզի շատ ավելի մեծ արժեք ստեղծվի»:

ՀՅԴ-ական նախարարը խոսեց նաեւ իրենց առարկությունների մասին. «Մի կարեւոր հանգամանք էլ կա. այս բարեփոխումների հիմքում պետք է դիտարկենք այն, որ առաջին արդյուքները, ի վերջո, լինելու են 2037 թվականին: Իսկ այդ ժամանակ կենսաթոշակառուների ո՞ր հատվածն է օգտվելու այս համակարգից եւ ո՞ր հատվածն է նորից մնալու պետական բյուջեի հույսին: Այս հաշվարկն էլ մենք պետք է հստակ անենք, որովհետեւ այս պահի դրությամբ, եթե նույնիսկ պարտադիր  կուտակային բաղադրիչը այն տեսքով, ինչ տեսքով հիմա կա, չի ապահովելու առնվազն 25 տոկոս  թոշակառուների վիճակի բարելավումը: Սա նույնպես կարեւոր խնդիր է, որ այս ռեֆորմի շրջանակում մենք ունենք առարկություն, պետք է մանրամասն վերլուծության ենթարկենք ու ներկայացնենք ամբողջական համակարգ: Հակառակ դեպքում՝ աչքկապոցի չենք անելու, պետք է պատասխան տանք դրա սահմանադրականության, տնտեսական արդյունավետության, ներկա եւ ապագա սերունդների համար կայուն զարգացման հիմք ստեղծելու համատեքստում»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը: