Կենտրոնական հավաքակայանի դարպասների մոտ ծառայության մեկնող տղաների հարազատները հուզված ու շունչները պահած սպասում են, թե երբ իրենց ներս կկանչեն: Ծնողներից շատերն այսօր իրենց միակ որդուն են բանակ ճանապարհում: Հուզված են, սակայն փորձում են թաքցնել արցունքները. որդիները հանկարծ չտեսնեն:

«Իմ մինուճարին եմ ճանապարհում: Սրտնեղած եմ, բայց փորձում եմ տրամադրությունս բարձր պահեմ, որ հանկարծ արցունքներս չտեսնի, լավ զգա իրեն ու գնա մեր հայրենիքը պաշտպանի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Նորակոչիկների ծնողների մի մասն էլ, այսպես ասած, ավելի փորձառու են. 2-րդ կամ 3-րդ զավակն է մեկնում ծառայության:

«Ամենակարեւորը հրամանատարին լսեն, երիտասարդներով էլ լավ լինեն իրար հետ, որ մենք այստեղ մեզ հանգիստ զգանք»,- ասում են ծնողները:

Սահմանված ժամին ծնողներին ներս են հրավիրում. առանձին սենյակում հետեւելու են վիճակահանության ընթացքին: Իսկ նորակոչիկները մի քանի ժամ առաջ են զինկոմիսարիատներից տեղափոխվել հավաքական. զինվորական համազգեստ են ստացել, անհրաժեշտ պարագաներն եւ հերթով մասնակցում են վիճակահանությանը: Բոլորն էլ բարձր տրամադրություն ունեն, վստահեցնում են՝ պատվով ծառայելու են եւ վերադառնան տուն:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ նորակոչիկներն այլեւս «տուլիկներով» չեն գալիս հավաքակայան. պաշտպանության նախարարությունը նրանց հենց տեղում տրամադրում է ուտելիք, հիգիենայի պարագաներ՝ իրենց հետ զորամասեր տանելու համար:

Վիճակահանությունից հետո նորակոչիկներին թույլ են տալիս մի քանի րոպե եւս շփվել ծնողների եւ հարազատների հետ, ովքեր այդ ընթացքում բազմաթիվ խորհուրդներ են տալիս:

«Դուխով, անփորձանք ու խելոք ծառայեք»,- կարճ ասում են ծնողներն ու շենքի բակից ծառայության ճանապարհում որդիներին:

Հիշեցնենք, որ ամառային զորակոչը մեկնարկել է այսօր՝ հուլիսի 2-ին: Կենտրոնական հավաքակայանում ընթացքին հետեւում էր նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: