Հուլիսի 2-ին Երեւանում մեկնարկել է տեսական ֆիզիկայի հերթական Ամառային դպրոցը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ուսանողները:
Դպրոցի բացմանը հայտնի հայ-վրացական ֆիզիկոս Թինա Ասատիանիի դուստրը՝ Նինա Դադայանը Թբիլիսիի համալսարանի ասպիրանտ Թամար Զաքարեիշվիլիին եւ Երեւանի համալսարանի մագիստրոս Մանե Ավետիսյանին Գերմանիայի Volkswagen հիմնադրամի կողմից ֆինանսավորվող RDP ծրագրի շրջանակում հանձնել է Ասատիանիի անվան կրթաթոշակ: Այս մրցանակի նպատակն է խրախուսել ֆիզիկայով զբաղվել ցանկացող կանանց: Կրթաթոշակի չափը ամսական 600 եվրո է:
Կրթաթոշակը հանձնելով՝ Նինա Դադայանը պատմել է, որ երբ իր մայրը եւ Արտեմ Ալիխանյանը Արագած սարին ստեղծում էին տիեզերական հետազոտությունների կենտրոնը, ճանապարհների բացակայության պատճառով ավանակներով էին բարձրանում լեռ: Երեւանի հետ կապը ռացիայով էր պահպանվում եւ մի անգամ ռացիայով նման հաղորդագրություն ստացվեց. 12 ֆիզիկոսները եւ 12 ավանակները հաջողությամբ հասել են կայան:
Նա աղջիկներին, որոնք նոր են սկսում իրենց գիտական ճանապարհը, մաղթել է իր մոր նման խանդավառություն ունենալ:
NEWS.am-ի հետ զրույցում Ամառային դպրոցի տնօրեն Արմեն Ներսիսյանն ասել է, որ սա արդեն նման 4-րդ դպրոցն է:
Սկզբում RDP / VW ծրագրի շրջանակում դպրոցին մասնակցում էին Հայաստանից, Գերմանիայից եւ Վրաստանից ուսանողներ եւ հետազոտողներ: Այնուհետ երբ նրանց միացավ ICTP NT-04-ը, որը մերձարեւելյան համագործակցություն էր ենթադրում, դրանում ներգրավվեցին ուսանողներ Իրանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից: Անցյալ տարվանից դպրոցին ֆինանսապես աջակցում է նաեւ Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը:
Նա հավելել է, որ Դպրոցը տարեցտարի ավելի հանրաճանաչ է դառնում եւ դա պայմանավորված է նրանով, որ այստեղ համաշխարհային անուն ունեցող ֆիզիկոսներ են մասնակցում, որոնց դասախոսություններին ունկդիր դառնալն այնքան էլ հեշտ չէ:
Դպրոցն, ըստ նրա, շատ կարեւոր է ոչ միայն գիտական շփումների, այլեւ մարդկային կապերի հաստատման համար:
«Մեր դպրոց միշտ այցելում են ուսանողներ Թուրքիայից եւ դա շատ կարեւոր է մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունների վերականգնման համար: Ես կարծում եմ, որ ապագայում դա կօգնի նաեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար», - ասել է նա:
Դպրոցի կազմակերպիչներից մեկը՝ RDP / VW ծրագրի ղեկավար Ուլֆ Մայսները (Բոննի համալսարան) NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ RDP / VW ծրագիրն ուղղված է Հայաստանում եւ Վրաստանում ֆիզիկայի նոր կրթության ստեղծմանը: Նրա խոսքով, Դպրոցին մասնակցող ուսանողները հնարավարություն են ունենում լսել հայտնի գիտնականներին:
Մ. Մ. Շեյխ Ջաբարին՝ ICTP NT-0 նախագծի ղեկավար-համակարգողը (Հիմնարար գիտությունների ինստիտուտ, Թեհրան) հավելել է, որ նման միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է, որպեսզի երկրների գիտական հասարակությունը մնա գիտական քարտեզի վրա:
Նրա խոսքով, ակադեմիական գիտական աշխարհում շատ կարեւոր է տարբեր երկրների գործընկերների հետ համագործակցությունը: Շեյխ Ջաբարին հայտնել է, որ այս տարի Իրանից դպրոցին մասնակցում են 11 ուսանողներ, եւ նրանց համար գիտական միջոցառմանը մասնակցելը շատ ձեռնտու է՝ մոտ է եւ էժան:
Ակակի Ռուսեցկին, (Բոննի համալսարան) RDP/VW ծրագրի փոխղեկավարը կարծում է, որ ամեն տարի Հայաստանում եւ Վրաստանում անցկացվող Ամառային դպրոցն արդեն իրադարձություն է դարձել: Ծրագրի նպատակը Հայաստանում եւ Վրաստանում կրթության մակարդակի բարձրացումն է՝ ֆիզիկայի մասնիկների տարածաշրջանային կենտրոն ստեղծելու նպատակով:





























