ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է բաց զեկույց, որտեղ ամերիկյան հետախուզական համայնքի եզրակացությանը աջակցելու մասին է նշվում: Զեկույցը վերաբերում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփին աջակցելու համար Ռուսաստանի ձեռնարկած ջանքերին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«16 ամսվա ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է աղբյուրները, հետախուզության աշխատանքի մեթոդները եւ վերլուծաբանների աշխատանքը, որոնք հիմք են հանդիսանում հետախուզական համայնքի եզրակացությունների համար, եւ (եզրակացությունները) վիճարկելու պատճառներ չունի », - ասել է հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բերը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացությունների ճշգրտության մասին է հայտնել նաեւ դեմոկրատ սենատոր Մարկ Ուորները:

 «Ռուսական ջանքերը լայնածավալ էին եւ հնարամիտ: Նրանց նպատակն էր ձախողել ժողովրդավարական գործընթացի հանդեպ հավատը, վնաս հասցնել Հիլարի Քլինթոնին եւ օգնել Դոնալդ Թրամփին»: