«Մենք թոշակների համար 200 դրամ այլեւս չենք պահանջելու, որովհետեւ վերեւներում էլ մեզանից չեն ուզում»,- այսպիսի արտառոց հայտարարությամբ հանդես եկավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր՝ հունվարի 27-ին, երբ կառավարության շենքի մոտ հանդիպում էր կենսաթոշակային ծառայության ազատված աշխատակիցների հետ։ Այնուհետեւ նախարարը ճշտեց, որ իր պաշտոնավարության ժամանակ նման «հավաքագրումներ» չեն եղել։

Հիշեցնենք, որ կենսաթոշակային ֆոնդի վճարումների ծառայության 265 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են 2010 թ. նոյեմբերի 4-ին՝ այդ ծառայության լուծարման կապակցությամբ։ Այդ մարդկանց խոսքով՝ իրենք միայն դեկտեմբերի կեսերին են իմացել, որ աշխատանքից ազատված են, ու դրա համար մեղադրել են Կենսաթոշակային ֆոնդի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին։ Բացի այդ՝ այդ մարդկանց հետ վերջնահաշվարկ չի կատարվել, իսկ կրկին աշխատանքի տեղավորման հարցը մնում է չլուծված։

Նախարար Ա. Գրիգորյանը խոստացավ, որ վերջնահաշվարկի հարցերը առաջիկայում կլուծվեն կառավարության պահուստային միջոցների հաշվին, որը ներառում է ազատման նպաստների վճարումը ու չիրացված արձակուրդների փոխհատուցումը։ Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորմանը, ապա, ըստ Ա. Գրիգորյանի, իր ղեկավարած կառույցը կհետեւի, թե ինչպես են վճարահաշվային կազմակերպություններում ատեստացիա իրականացնում։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում էին, որ այլ կազմակերպություններում ատեստացիայի ժամանակ շատ հաճախ անհարկի աշխատանքներ են առաջարկվում, ասենք՝ մեծահասակ կնոջը առաջարկում են օպերատորական գործ, իսկ համակարգչային գիտելիքներին տիրապետող երիտասարդներին ուղարկում են նամակների ու ծանուցումների բաժին։

Ընդհանուր առմամբ՝ կենսաթոշակային ծառայության ազատված աշխատակիցները գոհ էին նախարարի վերաբերմունքից, եւ լրագրողների հետ մասնավոր զրույցներում էլ խոստովանում էին, որ նա իրոք իրենց համար ինչ-որ բան անում է։