ՕԵԿ-ի քվոտայով Հայաստանի գյուղատնտեսության նախարար նշանակված Սերգո Կարապետյանը վատ հիշողություն ունի եւ չի բացառվում, որ դա ազդի նաեւ նրա կողմից պաշտոնեական լիազրությունների իրացման վրա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Նա այս եզրահանգմանն է եկել այն բանից հետո, երբ Սերգո Կարապետյանը չի կարողացել հիշել, թե ովքեր են իր ղեկավարած «Արտֆուդ» պահածոների գործարանի փայատերերը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ փայատերերն ընդամենը մի քանիսն են։
«Մտավախություն ունեմ, որ նոր նախարարը կարող է շատ կարճ ժամանակահատվածում մոռանալ նաեւ, թե ինչի համար է նախարար դարձել։ Այստեղ մենք մտածելու լուրջ խնդիր կունենանք»,-հայտարարեց Մարտիրոսյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ նոր գյուղնախարարի նշանակումը փայլուն օրինակ է, թե ինչպիսի բարեփոխումներ են փորձում իրականացնել իշխանություները։ «Եթե դու գյուղատնտեսության ոլորտի ղեկավար ես դնում գործարարին, ապա այստեղ արդեն ամեն ինչ ասված է»,-նշեց պատգամավորը։





























