Իշխանական որոշ շրջանակներ առաջիկա ընտրություններին ընդառաջ հանդես կգան ընդդիմադիր ելույթներով, ինչի նպատակը ձայներ փախցնելն է լինելու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ ասպարեզ են գալու նաեւ կեղծ ընդդիմադիրներ եւ իրենց ելույթներով փորձելու են ապակողմնորոշել հասարակությանը։

«Ամբողջ այս պրոցեսը միտված է լինելու նրան, որ հաջորդ ընտրություններում իշխանությունները կարողանան վերարտադրվել»,-հայտարարեց Մարտիրոսյանը։ Պատգամավորը ձեռնպահ մնաց կեղծ ընդդիմադիրների անունները տալուց, սակայն նշեց, որ դրանք այն գործիչներն են, ովքեր հանդուրժել են նախորդ համապետական ընտրությունների կեղծումը, մարտի 1-ի դեպքերի ժամանակ հանցավոր չեզոքություն են պահպանել, իսկ մարտի 1-ից հետո կանգնել են իշխանություների կողքին եւ շարունակում են համագործակցել նրանց հետ:

Ընդդիմադիր պատգամավորն այս համատեքստում անդրադարձավ նաեւ ընդդիմության պահվածքին, նշելով, որ ընդդիմությունը դեռ չի կարողանում դուրս գալ միակը լինելու, եսակենտրոնության կարգավիճակից եւ համախմբվել։ Ակնհայտ է նաեւ իշխանությունների տրամադրվածութունը գալիք ընտրությունների նկատմամբ։

«Իշխանությունները չեն պատրաստվում ազատ, արդար ընտրություններ անցկացնել: Նրանց ապավենը լինելու են զանազան տեխնոլոգները, որոնց միջոցով մտադիր են ձայներ փախցնել ընդդիմությունից»,-հայտարարեց Մարտիրոսյանը: Նա նաեւ նշեց, որ այդքան էլ չի մտահոգվում հարցադրումից, թե  «Ժառանգությունը» կլինի՞ խորհրդարանում, թե՝ ոչ։ «Չեմ կարծում, որ ցանկացած պարագայում որեւէ քաղաքական ուժով է սկսվում եւ ավարտվում երկիրը»,-նշեց Մարտիրոսյանը։

Նա միաժամանակ իր անունից հայտարարեց, որ «Ժառանգությունը» պետք է համագործակցի ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության հետ։