Գորիս համայնքում ավելի լավ է տրանսպորտը աշխատի խորհրդանշական գումարով, բայց աշխատի ամբողջ խոշորացված համայնքում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խոշորացված Գորիս համայնքում տրանսպորտի խնդրի շուրջ քաղաքացու բողոքին։
Վարչապետը Գորիսի քաղաքապետին կոչ արեց մտածել երկարաժամկետ հեռանկարում ենթակառուցվածքների զարգացման մասին. «Եթե անձնական միջոց եք ներդնում ու ասում եք տրանսպորտը անվճար է մի հատվածում, մի պահ գալու է, որ դուք չեք լինելու քաղաքապետ, եթե նոր քաղաքապետը չունի այն անձնական հնարավորությունները, որը դուք ունեք, ի՞նչ է անելու։ Այդպես ազնիվ չի, ճիշտ չի։ Պետք է ենթակառուցվածքի զարգացման մասին մտածել։ Հակառակ դեպքում ասում եք բնակիչներին՝ այ մենք պիտի լինենք միշտ, որ տրանսպորտ ունենաք, հակառակ դեպքում տրանսպորտ չեք ունենա»։
Փաշինյանը նշեց, որ բարեգործությունը պետք է ուղղված լինի զարգացմանը. «Բարեգործությունը եթե ուղղված չի զարգացման, այլ ուղղված է կոնսերվացմանը, լավ չէ։ Շատ լավ է, գոհ ենք, շնորհակալ ենք, որ այս ամենը անում եք, բայց պետք է ավելի երկարաժամկետ մտածենք»։











