Հունվարի 27-ը Հոլոքոստի միջազգային օրն է, որի կապակցությամբ, այսօր Հայաստանի հրեական համայնքը Երեւանում ակցիա կանցկացնի Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ։ Այս մասին հունվարի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը՝ ավելացնելով, որ ցանկացած Ցեղասպանության եւ մանավանդ Հոլոքոստի հերքումը մարդկության դեմ կատարված հանցագործություն է:
«Աշխարհի հրեական համայնքները միավորվում են այս իրադարձությունների հիշատակի շուրջ։ Մենք շատ շնորհակալ ենք Հայաստանի նախագահին եւ կառավարությանը, որ մեր համայնքի գործունեությունը բարձր է գնահատվում»,- նկատեց Վարժապետյան-Ֆելլերը:
Հարցին, թե չի՞ եկել ժամանակը, որ Իսրայելն ընդունի Հայոց ցեղասպանությունը, նա նշեց, որ դա պետք է արվեր մի քանի տարի առաջ։ «Հրեա ժողովուրդը չի հերքում Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, սակայն, կապված է իսրայելցիների եւ հենց Իսրայելի անվտանգության հարցի հետ»։
Ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հրեական համայնքը, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի Իսրայելում, Վարժապետյան-Ֆելլերը նշեց, որ հրեական համայնքը մեկ անգամ չէ, որ դիմել է Կնեսետին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել դրա օրակարգում։ Ներկայումս Հայաստանի հրեական համայնքը նոր կոչով կրկին դիմել է Կնեսետին։ «Մենք կարծում ենք, որ ջրի կաթիլը քար է ծակում»,- ասաց նա։




























