Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կեչուտ համայնք, որտեղ հանդիպում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին:

Մեր թղթակից հաղորդմամբ, Գնդեւազ համայնքի մոտ էլ Փաշինյանին են սպասում «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները:

Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: