ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստման մասին տեղեկությունը:

«Եթե հանդիպման անցկացման վայրի եւ ժամկետի մասին վերջնական պայմանավորվածություն լինի, մենք այդ մասին նախօրոք կտեղեկացնենք»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը:

Ավելի վաղ ռուսաստանցի համանախագահը ԱՊԱ-ին հայտնել էր, որ նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում:

Ի. Պոպովն ասել էր, որ համանախագահները, նախկինի պես, դժվարանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով որեւէ հապարակային հայտարարություն կատարել. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի նրբությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առայժմ ձեռնպահ են մնում այդ թեմայով որեւէ հրապարակային ելույթից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կկատարվի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպման արդյունքներով: Մենք հույս ունենք, որ դրա անցկացման ժամկետը կհրապարակվի առաջիկայում»: